Հաղորդագրություններ

Վերաինտեգրման նոր ուղիներ. Շիրակի մարզային մարմնում մեկնարկել է նոր ծրագիր

հուլիսի 21, 2025

ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության  և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուների համար մեկնարկել է  «Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրը, որը  իրականացնում են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և «Ալյանս» հոգեբանասոցիալական համայնքային կենտրոն ՀԿ-ն՝ BEARR Trust հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել շահառուներին՝ զարգացնելու իրենց անձնական, սոցիալական, գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են հասարակությունում ինքնուրույն և պատասխանատու ապրելու, աշխատանք գտնելու, շրջապատում դրական կապեր կառուցելու, իրենց իրավունքներն իրացնելու և դժվարությունները հաղթահարելու համար։

Ծրագրի տևողությունը 4 ամիս  է և ներառված են հետևյալ թեմաները՝

  •  «Սոցիալական հմտությունների զարգացում և բարեկեցություն» թեմայի շրջանակում մասնակիցները կզարգացնեն հաղորդակցության, հուզական կայունության, կոնֆլիկտների լուծման  հմտությունները ։
  •  «Անհատական աճ և զբաղվածության հմտություններ» թեմայով դասընթացների շրջանակում կխոսվի ինքնաճանաչման, նպատակների սահմանման,  կարիերայի պլանավորման, ֆինանսական գրագիտության և աշխատանքի որոնման ռազմավարությունների մասին։
  •  «Իրազեկում և իրավունքների պաշտպանություն» թեմայով դասընթացների ժամանակ մասնակիցները կստանան անհրաժեշտ տեղեկատվություն իրենց իրավական կարգավիճակի, դրանով պայմանավորված՝ իրավունքների և պարտականությունների, սոցիալական ապահովության, պետական և տեղական աջակցության մեխանիզմների մասին։
  •  «Սոցիալական վերաինտեգրման հմտություններ» թեմայով դասընթացները կօգնեն մասնակիցներին վերաինտեգրվել հասարակության մեջ՝ հաղթահարելով անցյալում գործած հանցագործությունների հետևանքով առաջացած մերժվածության զգացողությունը, վերականգնելով հարաբերությունները համայնքի, ընտանիքի և սեփական անձի հետ։ Այստեղ կներկայացվեն նաև համայնքում առկա աջակցության ռեսուրսները, նախաձեռնությունները և հնարավորությունները։

Ծրագրի առանձնահատկություններից է այն, որ շահառուների ընտանիքի անդամներըը նույնպես հնարավորություն կունենան մասնակցել համապատասխան դասընթացներին՝ ստանալով աջակցություն հուզական լարվածության հաղթահարման, վստահության վերականգնման և ընտանիքում առողջ հարաբերությունների ձևավորման համար։

Այս ծրագիրը կարևոր քայլ է դեպի ներառական և աջակցող հասարակություն և ուղղված է ոչ միայն անհատների վերականգնմանն ու զարգացմանը, այլև համայնքի՝ որպես մեկ ամբողջության զորացմանը։