Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Սյունիքի մարզային մարմնի շահառուները ծանոթացել են «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրին

հոկտեմբերի 10, 2025

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասի աշխատակիցը, վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում, 15 շահառուի (2 կին և 13 տղամարդ) հետ մասնակցել են «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Դավթյանը ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության կողմից իրականացվող աջակից ծրագրերը և մանրամասնեց «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Վերջինս հնարավորություն է տալիս ներկա և նախկին դատապարտյալներին, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին, շարունակել կրթությունը և ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ։

Ծրագրի նպատակն է դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով առնվազն հինգ տարի ուսումնական դադար են ունեցել։ Այն վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ անձնական և մասնագիտական զարգացման համար։

Հանդիպման ընթացքում շահառուները ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված ծրագրերի նկատմամբ․ մի քանիսը հենց միջոցառման ընթացքում լրացրել են մասնակցության հայտեր։

Պրոբացիայի ծառայությունը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության և գործընկեր կազմակերպությունների մասնակցությունը շահառուների վերաինտեգրման գործընթացին՝ շարունակելով իրականացնել համագործակցային նախաձեռնություններ՝ ուղղված կրթական և սոցիալական ներառմանը։