Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

հունիսի 26, 2025

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը՝ այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Միջոցառումը կազմակերպել էր Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը։ Մասնակցում էին ծառայությունում հաշվառված 9 շահառու։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը բացառիկ մշակութային արժեք է, որը ներկայացնում է ականավոր բանաստեղծուհու կյանքը, գաղափարական ժառանգությունն ու հոգևոր աշխարհը։ Թանգարանը հիմնվել է բանաստեղծուհու կամքով և նրա ձեռքով կազմված նախնական ցուցադրության հիման վրա, որը պահպանվում է անփոփոխ։ Այցելության ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանաստեղծուհու անձնական միջավայրին, գրական ժառանգությանը և ազգային ինքնության գաղափարաբանությանը։

Թանգարանի մթնոլորտում ձևավորված զրույցների և դիտարկումների միջոցով շահառուները վերարժևորեցին ազգային ազատագրական պայքարի, Արցախի հիմնախնդրի, ինքնորոշման և հայրենասիրության գաղափարները։ Այսպիսի այցելությունները նպաստում են շահառուների զարգացմանը՝ արթնացնելով պատմական հիշողությունը, արժեքային ընկալումները և ներշնչելով նոր մոտեցում կյանքի ու ինքնության նկատմամբ։

Այցելությունն աջակցեց շահառուների արժեքային կողմնորոշման, պատմամշակութային գիտակցության և քաղաքացիական պատասխանատվության ձևավորմանը։ Այն նաև խթանեց նրանց մոտիվացիան՝ սեփական անցյալը և ներկան վերաիմաստավորելու և հասարակության մեջ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու տեսանկյունից։