Պրոբացիայի շահառուները ձեռք են բերում օտար լեզվի և ծրագրավորման հմտություններ՝ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում
ապրիլի 30, 2025
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում 2025 թվականի ապրիլի 7-ից մեկնարկել են նոր կրթական դասընթացներ՝ նպատակ ունենալով նպաստել շահառուների կրթական աճին և մասնագիտական վերազինմանը։ Դասընթացները կազմակերպվել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում։
Դասընթացների մեկնարկին նախապես իրականացվել է շահառուների կրթական և մասնագիտական կարիքների գնահատում, որի արդյունքների հիման վրա էլ ձևավորվել են ուսուցման խմբերը։ Ընդհանուր առմամբ, դասընթացներին ներգրավված են 27 շահառու, որոնք հաշվառված են Պրոբացիայի ծառայությունում։ Դասընթացներն իրականացվում են երեք խմբով՝ անգլերեն լեզվի երկու խումբ և ծրագրավորման հմտությունների մեկ խումբ։
Ուսուցման գործընթացը նպատակ ունի զարգացնել շահառուների լեզվական և տեխնոլոգիական կարողությունները՝ աջակցելով նրանց հետագա զբաղվածության ապահովմանը։ Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր, որոնք կաջակցեն աշխատանքի որոնման և կարիերայի զարգացման գործընթացում։
Վերասոցիալականացման ծրագրի կրթական բաղադրիչը կարևոր քայլ է շահառուների հանրային ինտեգրման ճանապարհին՝ նրանց զինելով ժամանակակից աշխատաշուկայում պահանջված գիտելիքներով և հմտություններով։