Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները ծանոթացել են Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական ժառանգությանը

հունիսի 18, 2025

Պրոբացիայի ծառայությունում կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը՝ այցելություն Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան։ Միջոցառումը կազմակերպել էր Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը։ Մասնակցում էին ծառայությունում հաշվառված 18 շահառու։

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն արժանապատվորեն ներկայացնում է նրա կյանքը, մարդասիրական գործունեությունը և բացառիկ ներդրումը համաշխարհային պատմության մեջ՝ հատկապես Հայոց ցեղասպանությունից փրկվածների օգնության գործում։ Թանգարանի այցելությունը յուրահատուկ հնարավորություն էր վերաիմաստավորելու համամարդկային արժեքները՝ մարդասիրություն, համերաշխություն և պատասխանատվություն։

Շահառուները քննարկումների և խմբային զրույցների միջոցով անդրադարձել են նաև Նանսենի գաղափարների արդիականությանը, պատմական հիշողության պահպանման կարևորությանը, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու ներուժին՝ համայնքի և հասարակության մեջ դրական փոփոխությունների աղբյուր դառնալու հարցում։ Մասնակիցներից մեկի խոսքերով՝ «Նանսենի պատմությունը ինձ հուշեց, որ մեծ գործեր անելու համար պարտադիր չէ լինել հայտնի. պետք է պարզապես լինել մարդ»։

Այցելությունն աջակցեց շահառուների արժեքային կողմնորոշման, պատմական գիտակցության, քաղաքացիական պատասխանատվության ձևավորմանը և խթանեց նրանց մոտիվացիան՝ սեփական կյանքի նկատմամբ նոր հայացքով նայելու համար։

Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը միտված է նպաստելու շահառուների հասարակական ինտեգրմանը՝ ներկայացնելով մշակութային և պատմական ժառանգությունը որպես վերականգնողական ու ոգեշնչող գործիք։