Պրոբացիայի շահառուները բացահայտել են Երևանի պատմությունը թանգարանային այցի ընթացքում
ապրիլի 07, 2025
Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը՝ այցելություն Երևանի պատմության թանգարան։ Միջոցառումը կազմակերպել էր Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը։ Մասնակցում էին ծառայությունում հաշվառված 17 շահառու։
Երևանի պատմության թանգարանը ներկայացնում է մայրաքաղաքի զարգացման ողջ ընթացքը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Թանգարանի ավելի քան 90,000 ցուցանմուշները հնարավորություն են տալիս ծանոթանալու Երևանի սոցիալական, մշակութային, տնտեսական և ճարտարապետական պատմությանը՝ ընդգծելով անցումային փուլերն ու քաղաքաշինական զարգացումները։
Այցելությունն օգնել է շահառուներին ավելի խորը պատկերացում կազմել մայրաքաղաքի պատմական անցյալի և ներկայի միջև կապի մասին։ Մշակութային հաստատությունների նման այցելությունները նպաստում են շահառուների մշակութային գիտակցության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, ինչպես նաև հաղորդակցման հմտությունների, ուշադրության, համբերատարության և ազգային ինքնության ձևավորմանը։
Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը միտված է շահառուների հասարակական ինտեգրմանը՝ բացահայտելով մշակույթն ու արվեստը որպես վերականգնողական գործիք։