Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

հունիսի 20, 2025

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը՝ այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ։ Միջոցառումը կազմակերպել էր Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը։ Մասնակցում էին ծառայությունում հաշվառված 18 շահառու։

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը՝ արվեստի բազմազան ձևերով։ Այցելության ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջնադարյան մանրանկարներին, ինչպես նաև վայելելու դասական և ժամանակակից հայ արվեստի վարպետների ստեղծագործությունները, որոնց շարքում էին Հակոբ Հովնաթանյանը, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը և շատ ուրիշներ։

Պատկերասրահի այցելությունը ոչ միայն գեղագիտական արժեքների ճանաչման, այլև ներշնչման, մտքի ու զգացմունքի հարստացման հարթակ էր։ Միջոցառման մասնակիցները նշում էին, որ արվեստի հետ շփումը հնարավորություն է տալիս մի պահ կտրվել առօրյա մտահոգություններից, վերագնահատել սեփական ներուժն ու աշխարհընկալումը։

Այցելությունն աջակցեց շահառուների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, մշակութային գիտակցության զարգացմանը, ինչպես նաև խթանեց նրանց ինքնաճանաչողությունն ու հասարակության մեջ ակտիվ ներգրավվածության ցանկությունը։ Նմանատիպ միջոցառումները նպաստում են շահառուների վերասոցիալականացմանը՝ ընդգծելով մշակութային ժառանգության կարևորությունը որպես վերականգնողական և ոգեշնչող գործիք։

Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը միտված է շահառուներին տրամադրել նոր փորձառություններ, խթանել արժեքային համակարգի վերանայումն ու ամրապնդումը՝ որպես հասարակության լիարժեք անդամներ վերադառնալու ճանապարհին։