Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետի տեղակալը աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային մարմին

հունիսի 26, 2026

Սույն թվականի հունիսի 24-ին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը աշխատանքային այց է կատարել Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմին։

Այցի շրջանակում անցկացվել է աշխատանքային քննարկում մարզային մարմնի ծառայողների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել պրոբացիայի շահառուների արդյունավետ վերասոցիալականացման գործընթացում առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման հնարավորություններին և աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղություններին։

Այնուհետև կազմակերպվել է աշխատաժողով՝ նվիրված Պրոբացիայի ծառայության և պետական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ շահառուների վերասոցիալականացման և համայնքային ինտեգրման գործընթացների արդյունավետ իրականացումը մեծապես պայմանավորված է համայնքային ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ և միջգերատեսչական համագործակցության ամրապնդմամբ։

Այս համատեքստում Պրոբացիայի ծառայությունը նախաձեռնել է Շիրակի մարզում գործող պետական, տեղական ինքնակառավարման, հասարակական և այլ կազմակերպությունների տվյալների միասնական բազայի ձևավորման գործընթացը։

Նախաձեռնության նպատակն է ստեղծել համագործակցության միասնական հարթակ, որը հնարավորություն կտա՝

• համակարգված կերպով քարտեզագրել մարզում գործող ծառայություններն ու ծրագրերը,
• նպաստել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և համայնքային ինտեգրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը,
• ապահովել շահառուների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ծառայողների ուղղորդումը համապատասխան ծառայությունների և ծրագրերի,
• ամրապնդել պետական և հասարակական կառույցների միջև համագործակցությունը։

Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է առցանց տեղեկատվական հարթակ, որտեղ կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը, թիրախային խմբերը, մատուցվող ծառայություններն ու համագործակցության հնարավորությունները: