Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության դադարեցում» բազմերկրային ծրագրի շրջանակում կազմակերպված համաժողովին
հունիսի 12, 2026
Սույն թվականի մայիսի 31-ից հունիսի 04-ը Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակի հրավերով Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության դադարեցում․ բազմերկրային ծրագիր /2026-2029/» նախաձեռնություն կողմից կազմակերպված «Եվրոպական չափանիշներին համապատասխան իրավախախտների հետ աշխատանքի ծրագրերի արդյունավետության բարձրացում թեմայով համաժողովին», որի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
- եվրոպական ստանդարտներին համապատասխան պրակտիկ ծրագրերի բովանդակությունը,
- ծրագրերի իրականացման փուլում հանդիպող դժվարությունները,
- մշտադիտարկման գործիքները,
- առկա վիճակագրությունը և հաջողված պատմությունները։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև բռնություն գործադրած անձանց հետ տարվող վերասոցիալականացման ծրագրերը և մոդուլները, դրանց արդյունավետության չափման հնարավորությունները, ինչպես նաև բռնարար անձանց հետ աշխատանքի փորձը Պրոբացիայի ծառայությունում, աշխատանքի առանձնահատկությունները, հանդիպող խնդիրները և լուծման տարբերակները։
Հայաստանի պատվիրակությունում ներառված էին նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ինչպես նաև հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։