Պրոբացիայի ծառայության պետը Սինգապուրում մասնակցել է Թմրամիջոցների կախվածությունից վերականգնման և կանխարգելման միջազգային աշխատաժողովին
մայիսի 16, 2025
Մայիսի 14-16-ը Սինգապուրում անցկացվել է «Evidence-Informed Drug Rehabilitation and Prevention Workshop 2025» միջազգային աշխատաժողովը, որը հյուրընկալել է Սինգապուրի Բանտային ծառայությունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը։
Աշխատաժողովի նպատակն էր համախմբել տարբեր երկրների քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ներկայացուցիչներին՝ թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և թմրամիջոցների կախվածությունից վերականգնման ոլորտում փորձի փոխանակման և արդյունավետ մոտեցումների քննարկման շուրջ։ Եռօրյա ծրագրի ընթացքում մասնակիցներն առիթ են ունեցել ծանոթանալու Սինգապուրի վնասների նվազեցման և վերաինտեգրման մոդելին, ինչպես նաև համայնքային գործընկերների և կամավորների ներգրավման մեխանիզմներին՝ կախվածություն ունեցող անձանց հետ աշխատանքում։
Աշխատաժողովի օրակարգում ընդգրկված էին ոլորտի առաջատար փորձագետների դասախոսություններ, փորձի փոխանակման քննարկումներ, աշխատաժողովներ, այցելություն վերականգնողական հաստատություններ, ինչպիսիք են Community Rehabilitation Centre-ն, Green Haven-ը և Jamiyah կիսափակ տները։
Ֆորումի շրջանակներում Գուրգեն Աֆրիկյանը հանդիպել է նաև Թմրամիջոցների դեմ համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Էյմի Ռոնհաուզենին, ինչպես նաև Սինգապուրի թմրամիջոցների դեմ պայքարի ասոցիացիայի գործադիր տնօրեն Կոկ Վենգ Չյուին, որոնց հետ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին, փորձի փոխանակման ձևաչափերին, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Ծառայության պետը մասնակցել է նաև Asia-Pacific Forum Against Drugs (APFAD) համաժողովին և «Թմրամիջոցների զոհերի հիշատակի օրվան» նվիրված միջոցառմանը։