Հաղորդագրություններ

Ուսանողները պրակտիկա են անցել Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում

հունիսի 09, 2025

Պրոբացիայի ծառայության և կրթական հաստատությունների համագործակցության շրջանակում 2025 թվականի մայիսի 12-ից մինչև հունիսի 6-ը ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում իրենց նախաավարտական պրակտիկան են անցկացրել «Շիրակի տարածաշրջանային քոլեջ» ՊՈԱԿ-ի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության երկրորդ կուրսի ինը ուսանողներ։

Պրակտիկան կազմակերպվել էր մարզային մարմնի ավագ ծառայող Լուսինե Խնկոյանի ղեկավարությամբ։ Ամենօրյա հանդիպումների և ուսուցման ձևաչափով ուսանողները ծանոթացել են Պրոբացիայի ծառայության կառուցվածքին, գործառույթներին, իրավական կարգավորումներին, ինչպես նաև վերասոցիալականացման գործընթացներին։ Հատուկ շեշտադրվել է շահառուների հետ տարվող անհատական աշխատանքի և վերականգնողական ծրագրերի կարևորությունը։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցել են դերային խաղերի՝ փորձելով կիրառել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները պրակտիկ իրավիճակներում, մասնավորապես՝ դատական խաղի շրջանակում քննարկել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարց։ Նրանք նաև ծանոթացել են տնային կալանքի և էլեկտրոնային վերահսկողության տեխնիկական միջոցների կիրառմանը։

Ուսանողները ներկա են գտնվել դատական նիստերի, մասնակցել են նաև մարզային մարմնի կողմից կազմակերպված մի շարք վերասոցիալականացման միջոցառումներին։ Այդ թվում՝ «Կանանի» ՀԿ-ի սիմուլյացիոն վարժանքին և թանգարանային գիշերվա միջոցառումներին։

Պրակտիկայի ողջ ընթացքում ուսանողների հետ խորհրդատվական հանդիպումներ են անցկացրել մարզային մարմնի պետը և փորձառու աշխատակիցները՝ պատասխանելով ուսանողներին հուզող հարցերին և կիսվելով իրենց փորձով։

Պրակտիկայի արդյունքում երկու ուսանողներ ցանկություն են հայտնել իրենց գործունեությունը շարունակել որպես կամավորներ՝ մասնակցելով Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատանքներին։

Այս ձևաչափով կազմակերպվող պրակտիկաները նպաստում են ապագա մասնագետների պատրաստմանն ու հասարակական զգայուն ոլորտներում ավելի լայն ընդգրկվածությանը։