Շիրակի մարզային մարմնում շարունակվում են շահառուների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված դասընթացները
նոյեմբերի 21, 2025
Պրոբացիայի ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում շարունակում է իրականացվել Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուների համար մեկնարկած «Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Իրազեկում և իրավունքների պաշտպանություն» թեմայով դասընթացների շարք։ Դասընթացների ընթացքում շահառուները հնարավորություն են ունեցել քննարկելու դատվածության իրավական հետևանքները, սահմանափակումները, դատվածության մարման ընթացակարգերն ու ժամկետները, ինչպես նաև ծանոթանալու համայնքում գործող աջակցության ռեսուրսներին, ծրագրերին և հնարավորություններին։
Դասընթացներից մեկը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում։ Դասընթացին մասնակցել են քրեական արդարադատության ոլորտում իրավունքների վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը և Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը, ովքեր ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները և համապատասխան դիմում-բողոքների ներկայացման կարգը։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել շահառուների իրավագիտակցության մակարդակը, ապահովել նրանց հմտությունները սեփական իրավունքների արդյունավետ իրացման համար, ինչպես նաև գիտելիքներ տրամադրել պետական ու համայնքային մարմիններին դիմելու ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ։