Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ Պրոբացիայի ծառայության մարզային մարմիններում անցկացվել են հոգեբանական միջոցառումներ

հոկտեմբեր 16, 2026

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ Պրոբացիայի ծառայության Սյունիքի, Արմավիրի, Վայոց ձորի և Լոռու մարզային մարմիններում հաշվառված շահառուների համար կազմակերպվել են սեմինարներ, հոգեբանական զրույցներ և քննարկումներ։

Միջոցառումների նպատակն էր բարձրացնել շահառուների իրազեկվածությունը հոգեկան առողջության վերաբերյալ, զարգացնել սթրեսի կառավարման և հուզական կայունության հմտությունները, ինչպես նաև ամրապնդել նրանց դիմակայունությունը կյանքի դժվարությունների նկատմամբ։

Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասում հաշվառված թվով 4 կին շահառու մարզային մարմնի աշխատակցի հետ մասնակցել է կլինիկական հոգեբան Նարինե Ավագյանի «Թվայնացող իրականության ազդեցությունը մարդու հոգեկանի վրա» թեմայով սեմինարին։ Քննարկվել են հոգեբանական դիմակայունության նոր մարտահրավերները, հուզական դժվարությունները, ճգնաժամային իրավիճակները, ինքնագնահատականը, ինքնակարգավորումը և հոգեբանական օգնություն խնդրելու կարևորությունը։

Արմավիրի մարզային մարմնում հաշվառված թվով 9 շահառու «Էջմիածին Երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունում մասնակցել է «Հոգեկան առողջություն» թեմայով սեմինարին։ Այն նպատակ ուներ շահառուներին ծանոթացնել հոգեկան առողջության պահպանման և ամրապնդման մեթոդներին, ինչպես նաև սթրեսի հաղթահարման հմտություններին։

Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառու իրենց ցանկությամբ հանդիպել են հոգեբանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սթրեսի պատճառները, դրա ազդեցությունը մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա, ինչպես նաև հաղթահարման արդյունավետ միջոցները։ Հանդիպման ավարտին շահառուները լրացրել են հոգեբանական թեստեր։

Լոռու մարզային մարմնի Ալավերդու նստավայրում պայմանական վաղաժամկետ ազատված և փորձաշրջանի մեջ գտնվող շահառուների համար անցկացվել է «Կոնֆլիկտներ. հաղթահարման և ինքնատիրապետման հմտություններ» թեմայով հոգեբանական միջոցառում։