Հաղորդագրություններ

Հայաստանյան և գերմանական փորձագետների մասնակցությամբ քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների արդիական մարտահրավերները

հոկտեմբերի 08, 2025

Երևանի պետական համալսարանում, Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ, անցկացվել է «Հանցագործության դեմ պայքարի հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային կրիմինալոգիական գիտաժողովը։

Միջոցառման նպատակն էր խթանել փորձի փոխանակումը, ներկայացնել պրոբացիայի և քրեակատարողական համակարգերի արդիականացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև քննարկել նոր մոտեցումներ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Համաժողովին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության և Պրոբացիայի ծառայության, ԵՊՀ-ի, Գերմանիայի համալսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ և հետազոտողներ։

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմմեթոդական և վերլուծական բաժնի պետ Էդգար Ավագյանn իր ելույթում նշեց, որ վերջին տարիներին Պրոբացիայի ծառայության գործունեությունը նպատակաուղղված է եղել ոչ միայն վերահսկողական գործառույթների կատարելագործմանը, այլև վերասոցիալացման և հասարակության մեջ կրկնահանցագործության կանխարգելման գործընթացների ամրապնդմանը։

Նա ընդգծեց, որ ոլորտի արդյունավետ զարգացման կարևոր պայմաններից է գիտական հետազոտությունների իրականացումն ու միջազգային փորձի փոխանակումը՝ նման ձևաչափի մասնագիտական քննարկումների միջոցով։

Էդգար Ավագյանը ներկայացրեց նաև Պրոբացիայի ծառայության կառուցվածքը, ընթացիկ խնդիրներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև նորարարական մոտեցումներ, որոնք միտված են շահառուների հետ աշխատանքների անհատական մոտեցման ապահովմանը և թվայնացման գործընթացների ընդլայնմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արդյունավետությունը և արդիականությունը։

Համաժողովը ամփոփվեց փոխադարձ համաձայնությամբ՝ շարունակել հայ-գերմանական համագործակցությունը կրթական, գիտական և պրակտիկ մակարդակներում՝ ուղղված արդարադատության և վերասոցիալացման համակարգերի կատարելագործմանը։