Կոտայքի մարզում իրականացվել է հայրենասիրական միջոցառում՝ նվիրված Առաջին Հանրապետության հռչակման 107-ամյակին
մայիսի 28, 2025
Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի կողմից՝ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի աջակցությամբ, մայիսի 29-ին իրականացվել է վերասոցիալականացման մշակութային միջոցառում, որին մասնակցել են մարմնում հաշվառված շահառուներ։
Միջոցառման շրջանակում շահառուները այցելել են Աբովյանի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել՝ հիշելով և մեծարելով Առաջին Հանրապետության հիմնադիրների հիշատակը։
Միջոցառմանը մասնակցել է նաև Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աշուղ Աստղանուշը, ով մասնակիցներին ներկայացրել է մայիսի 28-ի պատմական նշանակությունը՝ անդրադառնալով հայկական պետականության վերականգնման կարևորությանը և այդ օրվա՝ որպես հայոց վերածննդի խորհրդանիշի ընկալմանը։
Միջոցառումը հայրենասիրական և ուսուցողական բնույթ էր կրում՝ նպաստելով շահառուների ազգային ինքնագիտակցության ձևավորմանն ու պատմամշակութային արժեքների նկատմամբ հետաքրքրության խթանմանը։