Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Գրագիտության միջազգային օրվա առիթով Պրոբացիայի ծառայության մարզային մարմիններում իրականացվել են կրթամշակութային և հոգեբանական միջոցառումներ

սեպտեմբեր 11, 2026

Գրագիտությունը դիտարկելով որպես անձի կրթության, զարգացման և վերասոցիալականացման կարևոր նախապայման՝ Պրոբացիայի ծառայության մարզային մարմինների կողմից Գրագիտության միջազգային օրվա առիթով շահառուների մասնակցությամբ կազմակերպվել են տարբեր կրթական, մշակութային և հոգեբանական միջոցառումներ։

Տավուշի մարզային մարմնի նախաձեռնությամբ շահառուների համար Դիլիջանի «Երիտասարդական նախաձեռնություններ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է ինտերակտիվ հանդիպում։ Մասնակիցները ներգրավվել են տարբեր թեմաներով խաղերի և քննարկումների՝ անդրադառնալով ընտանիքի, հարաբերությունների, ինքնաճանաչման, ինքնագնահատականի և ապագայի վերաբերյալ հարցերին։

Արագածոտնի մարզային մարմնի նախաձեռնությամբ շահառուներն այցելել են Պ․ Պռոշյանի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են Գևորգ Էմինի կյանքին ու ստեղծագործությանը, ունկնդրել նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծագործություններ և այցելել բանաստեղծի շիրիմին։ Արարատի մարզային մարմնի շահառուները հնարավորություն են ունեցել այցելելու նկարիչ են Գարիկ Հարությունյանի արվեստանոց և ծանոթանալու ստեղծագործական աշխատանքին։

Արմավիրի մարզային մարմինը շահառուների համար կազմակերպել է ինտելեկտուալ խաղ՝ ուղղված տրամաբանական, վերլուծական և արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը։ Լոռու մարզային մարմնի միջոցառման ընթացքում պատմաբան Գագիկ Եթիմյանը ներկայացրել է «Մեծ Ղարաքիլիսա» գիրքը՝ մասնակիցներին ներկայացնելով քաղաքի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։

Միջոցառումների շրջանակում իրականացվել է նաև հոգեբանական աշխատարան, որի ընթացքում շահառուները քննարկել են սեփական ընտրությունների, պատասխանատվության և ապագայի վերաբերյալ հարցեր՝ առանձնացնելով դրական փոփոխությունների հասնելու գործնական քայլեր։ Շիրակի մարզային մարմնի շահառուները մասնակցել են «Կանանց ինքնախնամք» թեմայով սոցիալ-հոգեբանական միջոցառման։

Կազմակերպված նախաձեռնությունները միտված էին շահառուների գիտելիքների և մշակութային հետաքրքրությունների ընդլայնմանը, ինքնաճանաչմանն ու սոցիալական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև դրական փոփոխությունների նկատմամբ նրանց մոտիվացիայի և վերասոցիալականացման գործընթացի ամրապնդմանը։