«Վան» ֆուտբոլային ակումբի և Պրոբացիայի ծառայության համագործակցությունը մեկնարկեց ֆուտբոլային հանդիպմամբ
հուլիսի 20, 2026
Սույն թվականի հուլիսի 15-ին Չարենցավանում գործող «Վան» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցության շրջանակում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում, որին մասնակցել է Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում, ինչպես նաև Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզային մարմիններում հաշվառված թվով 21 շահառու։
Հանդիպումը մեկնարկել է ջերմ և մրցակցային մթնոլորտում՝ համախմբելով մասնակիցներին մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ «Վան» ֆուտբոլային ակումբը լիարժեք ապահովել էր միջոցառման կազմակերպչական և տեխնիկական բոլոր պայմանները, ինչի շնորհիվ խաղն անցավ բարձր մակարդակով։ Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ, և նման հանդիպումները կազմակերպվելու են պարբերաբար։
Ֆուտբոլը շահառուների համար պարզապես խաղ չէ։ Այն հնարավորություն է սովորելու համագործակցել, վստահել թիմակիցներին, պատասխանատվություն կրել ընդհանուր արդյունքի համար և հաղթահարել դժվարությունները միասին։ Խաղի ընթացքում զարգանում են կարգապահությունը, ինքնատիրապետումը, հաղորդակցման և առաջնորդության հմտությունները, իսկ առողջ մրցակցությունը նպաստում է դրական վարքագծի ձևավորմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։
Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ընդլայնել համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ՝ ստեղծելով նոր հնարավորություններ շահառուների վերասոցիալականացման, սոցիալական հմտությունների զարգացման և հասարակություն հաջող վերաինտեգրման համար։