Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Սյունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են իրավագիտակցության և քաղաքացիական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրի

հունիսի 16, 2026

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 4-ին իրականացվել է վերասոցիալականացման ծրագիր, որին մասնակցել են Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասի աշխատակիցները և թվով 8 շահառուներ։

Ծրագրի շրջանակներում շահառուները մասնակցել են «Դիգնիթի» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված տեղեկատվական և փորձի փոխանակման հանդիպմանը, որն անցկացվել է «Իմ ձայնը կարևոր է երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ընտրական գործընթացներին, ընտրական իրավունքին, մարդու իրավունքներին և հավասարությանը, մեդիագրագիտությանը, ապատեղեկատվության կանխարգելմանը, ինչպես նաև քաղաքացիական ակտիվ մասնակցությանը վերաբերող թեմաներ։ Շահառուներին տրամադրվել են նաև ծրագրի շրջանակներում մշակված տեղեկատվական նյութեր։

Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների իրավագիտակցության բարձրացմանը, ընտրական իրավունքի և քաղաքացիական պարտականությունների վերաբերյալ նրանց գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և թվային մասնակցության հարթակների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։

Պրոբացիայի ծառայությունը շարունակելու է աջակցել շահառուների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ համագործակցելով պետական և հասարակական կազմակերպությունների հետ։