Սյունիքի մարզային մարմնի շահառուները ծանոթացել են «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրին
հոկտեմբերի 10, 2025
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասի աշխատակիցը, վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում, 15 շահառուի (2 կին և 13 տղամարդ) հետ մասնակցել են «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Դավթյանը ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության կողմից իրականացվող աջակից ծրագրերը և մանրամասնեց «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Վերջինս հնարավորություն է տալիս ներկա և նախկին դատապարտյալներին, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին, շարունակել կրթությունը և ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ։
Ծրագրի նպատակն է դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով առնվազն հինգ տարի ուսումնական դադար են ունեցել։ Այն վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ անձնական և մասնագիտական զարգացման համար։
Հանդիպման ընթացքում շահառուները ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված ծրագրերի նկատմամբ․ մի քանիսը հենց միջոցառման ընթացքում լրացրել են մասնակցության հայտեր։
Պրոբացիայի ծառայությունը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության և գործընկեր կազմակերպությունների մասնակցությունը շահառուների վերաինտեգրման գործընթացին՝ շարունակելով իրականացնել համագործակցային նախաձեռնություններ՝ ուղղված կրթական և սոցիալական ներառմանը։