Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցի

հունիսի 19, 2025

Վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի շրջանակում Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմինը շարունակում է կազմակերպել միջոցառումներ, որոնք նպաստում են շահառուների հոգևոր ներաշխարհի վերականգնմանը։ Այս անգամ կազմակերպվել էր այցելություն Սուրբ Աստվածածին եկեղեցի, որին մասնակցել են ծառայությունում հաշվառված 18 շահառու։

Միջոցառման նպատակն էր շահառուներին հոգևոր աջակցություն ցուցաբերել, խթանել նրանց ներսում դրական փոփոխություններ և ուժեղացնել հավատը դեպի կյանքում նոր էջ սկսելու հնարավորությունը։ Եկեղեցու խաղաղ մթնոլորտը, ինչպես նաև քահանայի ջերմ ու հոգատար խոսքը ստեղծեցին վստահության և անկեղծ զրույցի մթնոլորտ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներողամտության, հոգևոր վերածննդի և կյանքի վերաիմաստավորման գաղափարները։

Շահառուներն ակտիվորեն ներգրավվեցին զրույցին, կիսվեցին իրենց զգացողություններով և տպավորություններով. «Սա պարզապես այցելություն չէր։ Ես զգացի, որ ցանկացած մարդ կարող է ընդունվել հասարակության կողմից նորովի», — նշեց մասնակիցներից մեկը։ Մյուսը հավելեց. «Ինձ մոտ առաջացավ ցանկություն վերադառնալ եկեղեցի, փորձել ապրել ավելի գիտակցված»։

Նմանատիպ միջոցառումները կարևոր դեր են խաղում շահառուների վերասոցիալականացման գործընթացում՝ նպաստելով հոգևոր ամրապնդմանն ու անձնական վերագնահատմանը։ Դրանք օգնում են վերագտնել հավատը, ներշնչվել ապագայի հանդեպ և գիտակցել, որ յուրաքանչյուր մարդ արժանի է երկրորդ հնարավորության։