Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուների համար մեկնարկել է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված «Յոգա» եռամսյա ծրագիրը

մարտի 27, 2025

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի և «Մուվ» մարզասրահի համագործակցության շրջանակում փետրվարի 19-ից մեկնարկել է «Յոգա» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է երեք ամիս ժամկետով՝ ներառելով 12 հանդիպում, որոնք անցկացվում են շաբաթական մեկ անգամ:

Յոգայի դասընթացներին մասնակցում են 6 կին շահառուներ, որոնց համար նախատեսված են հատուկ վարժություններ՝ ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավման նպատակով։ Մարզիչի խոսքով՝ յոգան հնարավորություն է տալիս գտնել ներդաշնակություն ներքին և արտաքին աշխարհի միջև, նվազեցնել սթրեսը և պահպանել առողջ ապրելակերպ։

Դասընթացի արդյունքում շահառուները կզարգացնեն մարմնի ճկունությունը, կուժեղացնեն մկանային համակարգը և կբարելավեն շնչառությունը, ինչը կնպաստի նրանց ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը։ Պրոբացիայի ծառայությունը կարևորում է նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք խթանում են շահառուների վերասոցիալականացումը և նպաստում առողջ ապրելակերպի ձևավորմանը։