Պրոբացիայի շահառուները ներկա գտնվեցին Դրամատիկական թատրոնի ներկայացումներին
սեպտեմբեր 28, 2026
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ և Դրամատիկական թատրոնի ղեկավարության հետ համագործակցությամբ, թվով 13 շահառու դիտեց թատրոնի երեք ներկայացում՝ «Օրնիֆլ», «Տիկնայք և պարոնայք» և «Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում»։
Նախաձեռնության նպատակն էր շահառուներին ներգրավել մշակութային կյանքում, խթանել նրանց հասարակական ակտիվությունը և արվեստի միջոցով նպաստել նրանց վերասոցիալականացմանը։ Թատրոնը հնարավորություն է տալիս մարդուն տեսնելու կենսական իրավիճակներ կողքից, գնահատելու մարդկային արարքներն ու դրանց հետևանքները և յուրովի վերաիմաստավորելու դրանք։
Ներկայացումներն անդրադառնում էին տաղանդի, միայնության և հասարակության մեջ ճանաչման, մարդկային հարաբերությունների, վստահության և ազնվության թեմաներին։ Դիտումները շահառուների համար առիթ դարձան խորհելու, ապրումակցելու և ինքնավերլուծության։ Մասնակիցներն ընդգծեցին, որ մեկ սխալ քայլը կարող է փոխել մարդու ճակատագիրը, իսկ փոքրիկ սուտն անխուսափելիորեն ծնում է ավելի մեծ սուտ, որն էլ մարդուն զրկում է իր դիրքից ու հեղինակությունից։ Նրանք կարևորեցին նաև ուրիշների հանդեպ արդարացի լինելու անհրաժեշտությունը։
Մշակութային միջոցառումներին մասնակցությունը Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման աշխատանքների կարևոր բաղադրիչներից է։ Այն նպաստում է շահառուների արժեքային համակարգի ամրապնդմանը, սոցիալական կապերի վերականգնմանը և հասարակության մեջ նրանց լիարժեք վերաինտեգրմանը։