Պրոբացիայի շահառուները մասնակցել են կախվածությունների կանխարգելմանն ուղղված դասընթացի
օգոստոսի 29, 2025
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է դասընթաց՝ «Երբ վնասակար սովորությունը դառնում է մեր կենսակերպը» թեմայով։ Դասընթացին մասնակցել է ծառայությունում հաշվառված 14 շահառու։
Մասնակիցներին ներկայացվել են կախվածությունների առաջացման կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնները, որոնք ազդում են ոչ միայն անհատի առողջության, այլև ընտանիքի և հասարակության վրա։ Բացի տեսական նյութից, շահառուները ծանոթացել են ինքնօգնության մեթոդներին՝ հմտությունների զարգացման և սեփական ռեսուրսների ակտիվացման նպատակով։
Քննարկվել են նաև կախվածությունների հաղթահարման գործընթացում ընտանիքի դերը, ինչպես նաև հոգեբանական և պաշտպանական մեխանիզմները, որոնք սովորաբար կիրառվում են կախվածություն ունեցող անձանց կողմից։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել վերլուծելու կախվածությունների և մանկական տրավմաների միջև առկա կապերը, ինչպես նաև հասկանալու հոգեբանական խնդիրները, որոնք նպաստում են կախվածությունների ձևավորմանը։
Այս հանդիպման նպատակն էր բարձրացնել շահառուների իրազեկվածությունը, զարգացնել ինքնակարգավորման և պատասխանատվության ընկալման հմտությունները, ինչպես նաև նպաստել ինքնօգնության ու վերականգնման ունակությունների ձևավորմանը։
Վերասոցիալականացման ծրագրի նման միջոցառումները կարևոր են շահառուների ինքնաճանաչման, հոգեբանական կայունության և հասարակական ինտեգրման գործընթացում՝ ստեղծելով առողջ ապրելակերպի հիմքեր։