Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղ-առաջնությանը
օգոստոսի 22, 2025
Պրոբացիայի ծառայությունում իրականացվող վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է ինտելեկտուալ մրցաշար՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղ-առաջնություն։ Մրցաշարին մասնակցել է 5 թիմ, որոնց կազմում ընդգրկված են եղել 20 շահառու և պրոբացիայի 5 աշխատակից։
Առաջնության ընթացքում անցկացվել է 10 խաղ՝ ամսական երկու անգամ կտրվածքով։ Եզրափակիչ փուլը կայացել է օգոստոսի 1-ին, որի ընթացքում լավագույն երկու թիմերը պայքարել են հաղթողի կոչման համար։
Մրցաշարը կազմակերպվել է հավասարության և ներառականության սկզբունքներով՝ ապահովելով բոլոր մասնակիցների համար արդար և առողջ մրցակցային միջավայր։ Այն ոչ միայն նպաստել է մասնակիցների ինտելեկտուալ զարգացմանը, այլև դարձել է վերասոցիալականացման և հասարակական ինտեգրման կարևոր միջոց։
Խաղի ընթացքում շահառուները ցուցաբերել են մեծ ակտիվություն և հետաքրքրվածություն՝ զարգացնելով թիմային աշխատանքը, կամային հատկանիշները և վերլուծական կարողությունները։ Նրանք նշել են, որ պատրաստ են կրկին մասնակցել նմանատիպ նախաձեռնություններին, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, բարձրացնել ինքնավստահությունը և ընդլայնել սոցիալական կապերը։
Մրցաշարի ավարտին առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով, իսկ հաղթող թիմին հանձնվել է գավաթ։