Պրոբացիայի շահառուները այցելել են «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան
հունիսի 19, 2025
Պրոբացիայի ծառայությունում շարունակվում է եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագիրը։ Ծրագրի երրորդ փուլի շրջանակում կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ այցելություն «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան։ Միջոցառումը կազմակերպել էր Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը։ Մասնակցում էին ծառայությունում հաշվառված 15 շահառու։
«Մայր Հայաստան» թանգարանը ներկայացնում է Հայաստանի ռազմական պատմության կարևորագույն դրվագները՝ սկսած հին դարաշրջանից մինչև մեր օրերը։ Շահառուները ծանոթացել են հայ զինվորականների հերոսական անցյալին՝ ընդգրկելով Առաջին և Երկրորդ աշխարհամարտերը, Արցախյան ազատամարտը, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին։
Թանգարանի այցելությունը բացառիկ հնարավորություն էր անդրադառնալու հայրենասիրության, զոհողության, ազգային ինքնության և քաղաքացիական գիտակցության արժեքներին։ Շահառուներն իրենց տպավորություններով նշեցին, որ նման վայրերը ոչ միայն պատմություն են պատմում, այլև ոգեշնչում են, հզորացնում ներաշխարհը և բարձրացնում պատասխանատվության զգացումը սեփական երկրի և հասարակության հանդեպ։
Այցելությունն աջակցեց շահառուների արժեքային կողմնորոշման ձևավորմանը, խթանեց նրանց ինքնաճանաչողությունն ու հասարակության մեջ արդյունավետ ինտեգրվելու մոտիվացիան։ Նմանատիպ նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են շահառուների մշակութային գիտելիքները, այլև նպաստում են հանրային առողջ կապերի ձևավորմանն ու վերականգնողական գործընթացի արդյունավետ ընթացքին։
Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը միտված է շահառուներին ներգրավել մշակութային կյանքում՝ ներկայացնելով պատմական և հոգևոր ժառանգությունը որպես արժեքային և վերափոխող հարթակ։