Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է կախվածությունների հաղթահարման վերականգնողական ծրագիրը

հունիսի 27, 2026
 
Պրոբացիայի ծառայությունում հունիսի 26-ին մեկնարկել է «Կախվածությունների հաղթահարում» վերականգնողական ծրագիրը, որը ներառում է 10 դասընթաց։ Ծրագրի նպատակն է աջակցել կախվածություն ունեցող շահառուների վերասոցիալականացմանը, նպաստել կախվածությունների հաղթահարմանը, առողջ կենսակերպի ձևավորմանը և կրկնահանցագործության ռիսկի նվազեցմանը։
 
Ծրագրում ընդգրկված են կախվածություն ունեցող թվով 8 շահառու, որոնք ծրագրի շրջանակներում կմասնակցեն թեմատիկ դասընթացների և գործնական քննարկումների։
Ծրագրի մեկնարկը համընկել է Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա հետ, որը նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 26-ին։ Օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1987 թվականին՝ թմրամիջոցների չարաշահման կանխարգելման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի և հանրության իրազեկվածության բարձրացման նպատակով։
 
Կախվածությունների կանխարգելումը և հաղթահարումը կարևոր ուղղություն են նաև պրոբացիայի ոլորտում իրականացվող վերասոցիալականացման աշխատանքների շրջանակներում։ Այդ նպատակով իրականացվող ծրագրերը միտված են շահառուների մոտ պատասխանատու վարքագծի ձևավորմանը, կախվածությունների հաղթահարմանը և հասարակություն արդյունավետ վերաինտեգրմանը։