Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայությունը և «Հայանտառ»-ը կնքել են համագործակցություն հուշագիր

հունիսի 27, 2025

Պրոբացիայի ծառայությունն ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կնքել են համագործակցություն հուշագիր՝ նպատակ ունենալով համատեղ ծրագրերով նպաստել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը, օրինապահ վարքագծի ձևավորմանը և հանրությանը վերաինտեգրմանը։

Երկկողմ ստորագրված հուշագրով կողմերը համաձայնել են միավորել ջանքերը՝ պրոբացիայի շահառուներին ներգրավելու հանրօգուտ աշխատանքներում, շրջակա միջավայրի պահպանության և անտառային ռեսուրսների պահպանման ծրագրերում։ Համագործակցությունը նախատեսում է իրականացվող միջոցառումների շրջանակում շահառուների մասնակցությունը՝ առանց լրացուցիչ ֆինանսական բեռի պետական բյուջեի համար, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների մշակում՝ վերասոցիալականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Հուշագրով ստեղծված իրավական հիմքը կարևորվում է որպես հերթական կայուն քայլ՝ շահառուների դրական վարքագծի ձևավորման, համայնքային ներառման ու պատասխանատվության բարձրացման ուղղությամբ։ Այս համագործակցությունը ծառայում է որպես վերականգնողական և հանրօգուտ մոդել՝ պետական մարմինների և ոլորտային կազմակերպությունների սերտ համագործակցության օրինակով։