Պրոբացիայի ծառայության և «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
ապրիլի 15, 2026
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ միտված կրթություն–գիտություն–պրակտիկա արդյունավետ և շարունակական կապի զարգացմանը։
Համաձայնագիրը ստորագրվել է Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի և «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Հեղինե Բիշարյանի կողմից։
Կողմերը կարևորել են պետական կառույցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացումը՝ այն դիտարկելով որպես ոլորտի զարգացման կարևոր նախապայման։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ձևավորել կայուն գործընկերություն, որը կնպաստի ինչպես ուսանողների մասնագիտական զարգացմանը, այնպես էլ պրոբացիայի համակարգի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը։