Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Հայկ Բաղդասարյանը Վիեննայում մասնակցել է Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի գրասենյակի (UNODC) կազմակերպած փորձագիտական խմբի հանդիպմանը։ Հանդիպումը նվիրված էր պրոբացիայի ծառայությունների ստեղծմանն ու պրակտիկաներին։
Հանդիպմանը մասնակցել են 17 երկրի պրոբացիայի և քրեակատարողական համակարգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Պրոբացիայի եվրոպական կոնֆեդերացիայի (CEP), միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հասարակական կազմակերպությունների փորձագետներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է UNODC-ի «Պրոբացիայի ձեռնարկ. պրոբացիոն համակարգերի ստեղծման և զարգացման գործնական ուղեցույց» փաստաթղթի նախագիծը։ Փորձագետները քննարկել են՝
- պրոբացիայի իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակը,
- պրոբացիոն համակարգի զարգացման գործնական քայլերը,
- պրոբացիոն ծառայությունների գործունեության մոնիթորինգը, որակի ապահովումը և գնահատումը,
- պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատումը և նրանց հետ աշխատանքը,
- համայնքային պրոբացիոն միջոցները,
- դատապարտյալների հետ աշխատանքը և ազատվելուց հետո նրանց վերաինտեգրումը։
Ծառայության պետի տեղակալը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության ձևավորման և զարգացման փորձը, ինչպես նաև ձեռնարկի նախագծի վերաբերյալ առաջարկություններ։ Քննարկվել են նաև մարդու իրավունքների, էթիկայի, միջգերատեսչական համագործակցության և հանրության ներգրավման հարցերը։