Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի և «Արևամանուկ» հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
սեպտեմբեր 30, 2026
Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի և «Արևամանուկ» հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է ամրապնդել կողմերի համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը, վերականգնմանը և հասարակությանը վերաինտեգրմանը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է՝
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մասնագիտական քննարկումների, խորհրդակցությունների և կլոր սեղանների կազմակերպում,
- պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում՝ նպաստելով օրինապահ վարքագծի դրսևորմանը և հասարակությանը վերաինտեգրմանը,
- շահառուների անհատական կարիքներին համապատասխան հոգեբանական և հոգեսոցիալական աջակցության տրամադրում,
- անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվության իրականացում,
- կյանքի, սոցիալական և ծնողական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կազմակերպում,
- անհրաժեշտության դեպքում, Ծառայության համաձայնությամբ, շահառուների ուղղորդում համապատասխան ծառայությունների։
Կողմերը կարևորում են շահառուների անհատական կարիքների գնահատումը և դրանց համապատասխան աջակցության տրամադրումը։ Այս աշխատանքը միտված է զարգացնելու շահառուների սոցիալական հմտությունները և խթանելու դրական վարքագծային փոփոխությունները։
Համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա համատեղ իրականացնելու հոգեբանական, հոգեսոցիալական և սոցիալական աջակցության ծրագրեր՝ նպաստելով պրոբացիայի շահառուների վերականգնմանն ու սոցիալական ներառմանը։