Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար անցկացվել է երկօրյա վերապատրաստում՝ նոր զեկույցների ձևաչափի պիլոտավորման նպատակով
մարտի 28, 2026
Սույն թվականի մարտի 27-28-ը իրականացվել է Պրոբացիայի ծառայության աշխատակիցների երկօրյա վերապատրաստում նոր նախաազատական զեկույցի ձևաչափի պիլոտավորման նպատակով։
Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, նշել է, որ նմանատիպ վերապատրաստումները էական նշանակություն ունեն ծառայության կարողությունների շարունակական զարգացման և միջազգային լավագույն փորձի ներդրման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նոր ձևաչափով զեկույցների կազմումը կնպաստի որոշումների կայացման գործընթացի առավել հիմնավորվածությանը, բարձրացնելով ինչպես զեկույցների որակը, այնպես էլ դրանց կիրառելիությունը գործնականում։
Դասընթացավարների վերապատրաստումն անցկացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում և նպատակ ունի նախապատրաստելու ծառայության աշխատակիցներին՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների նոր ձևաչափի պիլոտավորման գործընթացի շրջանակներում։
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են Պրոբացիայի ծառայության կողմից կազմվող զեկույցների ներկայիս գործընթացները, գործող կարգավորումները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մասնագիտական դատողության, գենդերային մոտեցումների, ռիսկերի գնահատման և վերլուծական կարողությունների զարգացման հարցերին։
Ծրագրի շրջանակում անցկացվել են ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ խմբային քննարկումներ և գործնական աշխատանքներ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել խորացնելու իրենց գիտելիքները՝ ծանոթանալով զեկույցների նոր ձևաչափի հիմնական փոփոխություններին, ինչպես նաև կիրառելով դրանք իրական իրավիճակներին մոտեցված վարժությունների միջոցով: