Հաղորդագրություններ

Չարենցի կյանքի ողբերգական էջերը․ Պրոբացիայի շահառուները դիտել են Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» ստեղծագործության հիման վրա նկարահանված հեռուստատեսային ֆիլմը

փետրվարի 02, 2026

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ և «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանի հետ համագործակցությամբ ծառայության շահառուներին հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվել Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» ստեղծագործության հիման վրա նկարահանված հեռուստատեսային ֆիլմի դիտմանը և քննարկմանը։

Ֆիլմը ներկայացնում է չարենցյան ողբերգության այն ժամանակահատվածը, որը մինչ այժմ չի արտացոլվել հայ կինոյում՝ լուսաբանելով մեծանուն բանաստեղծի կյանքի վերջին տարիները՝ նրա մահվանից 75 տարի անց։

Ֆիլմի դիտումից հետո կազմակերպված քննարկման ընթացքում շահառուները վերլուծեցին և արժևորեցին ներկայացված իրադարձությունները՝ անդրադառնալով Չարենցի կյանքի ողբերգական դրվագներին, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրա կնոջ՝ Իզաբելլայի անձնվերությանը, տոկունությանը և մարդկային ուժին։

Մշակութային նման նախաձեռնությունները նպաստում են շահառուների արժեհամակարգի ձևավորմանը, պատմական հիշողության պահպանմանը և հասարակության մեջ նրանց արդյունավետ վերաինտեգրմանը։