Հաղորդագրություններ

Շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված վերասոցիալականացման նախաձեռնություն Շիրակի մարզում

մայիսի 08, 2026

Պրոբացիայի ծառայություն Շիրակի մարզային մարմինը վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպել է հերթական միջոցառումը՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանությանն ու կանաչապատ տարածքների մաքրմանը։

Միջոցառմանը ներգրավվել են նաև Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում ուսումնական պրակտիկա անցնող Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի սոցիալական աշխատանքի բաժնի ավարտական կուրսի ուսանողները։

Շիրակի մարզային մարմնի անձնակազմը, մարմնում հաշվառված թվով 6 շահառուները և ուսանողները համատեղ աշխատանքներ են իրականացրել «Հերերի Ձոր» տեղանքում՝ ներառյալ եղեռնի զոհերի հուշարձանի և խաչքարերի պուրակի տարածքում՝ կատարելով աղբահավաք և տարածքի մաքրման աշխատանքներ։

Միջոցառմանը հրավիրված էին նաև Շրջակա միջավայրի նախարարություն էկոպարեկային ծառայության Շիրակի մարզի աշխատակիցները, որոնք միացել են նախաձեռնությանը և աջակցել տարածքի մաքրման աշխատանքներին։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու շահառուների սոցիալական վերաինտեգրմանը, պատասխանատվության զգացողության ձևավորմանը և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ հասարակական գիտակցության բարձրացմանը։