Շիրակի պետական տարածաշրջանային քոլեջի ուսանողները ծանոթացել են Պրոբացիայի ծառայության գործառույթներին
ապրիլի 07, 2025
Մարտի 28-ին Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի նախաձեռնությամբ «Շիրակի պետական տարածաշրջանային քոլեջում» անցկացվել է տեղեկատվական հանդիպում՝ ուղղված Պրոբացիայի ծառայության գործունեության ներկայացմանը։ Հանդիպմանը մասնակցել են քոլեջի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողներ, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Տեղեկատվական հանդիպումը վարել է Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ ծառայող Լուսինե Խնկոյանը, ով ներկայացրել է Պրոբացիայի ծառայության գործառույթները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքների ուղղություններին։ Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով՝ վերածվելով ակտիվ և հետաքրքիր քննարկման։
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ են արձագանքել ծառայության գործունեությանը՝ նշելով, որ ցանկանում են մասնագիտական պրակտիկա անցնել Պրոբացիայի ծառայությունում։ Որոշ ուսանողներ նաև պատրաստակամություն են հայտնել կամավոր հիմունքներով ներգրավվել Պրոբացիայի աշխատանքներում։
Հանդիպումը նպատակ ուներ բարձրացնել Պրոբացիայի ծառայության հանրային ճանաչելիությունը, ներկայացնել նրա դերը և նշանակությունը սոցիալական արդարության և հանրային անվտանգության ոլորտում։