Հաղորդագրություններ

Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուները նոր մշակութային փորձառություն են ձեռք բերել

ապրիլի 09, 2025

 

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմինը շարունակում է վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրագործումը՝ մշակութային միջոցառումների միջոցով նպաստելով շահառուների հանրային ներառմանը և մշակութային ներաշխարհի հարստացմանը։

Ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված 7 շահառու մասնակցել են Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ Պատարագին, որից հետո այցելել են «Պադվալի թատրոն», որտեղ դիտել են մոնոներկայացում։ Ներկայացումից հետո կազմակերպվել է «Հատուկ թեմա» խորագրով զրույց՝ թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Մշակութային այս այցելությունը բացառիկ հնարավորություն է ընձեռել շահառուներին շփվելու արվեստագետի հետ, լսելու նրա փորձառությունից, գաղափարներից և արվեստում մարդու վերափոխման ուժի մասին։ Նմանատիպ միջոցառումները նպաստում են շահառուների ինքնաճանաչման, արժեքային համակարգի ձևավորման, հաղորդակցման և վերլուծական կարողությունների զարգացմանը։

Պրոբացիայի ծառայության մշակութային բաղադրիչը կարևոր գործիք է վերասոցիալականացման գործընթացում՝ բացահայտելով մշակույթը որպես մարդկային ներուժը վերականգնելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու հնարավորություն։