Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուները «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում այցելել են մի շարք թանգարաններ
մայիսի 23, 2025
«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 10 շահառու, որոնցից մի քանիսը՝ ընտանիքի անդամների ուղեկցությամբ, մայիսի 18-ին մասնակցել են մշակութային շրջայցի։
Այցելությունները կազմակերպվել են «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարան, ինչպես նաև Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ։ Շահառուներն առիթ են ունեցել ծանոթանալու հայ մեծ բանաստեղծների կյանքին, գործունեությանը և ստեղծագործական ուղուն։
Այցի ընթացքում մասնակիցները նաև ներկա են գտնվել թանգարանների բակերում կազմակերպված միջոցառումներին և համերգային ծրագրերին։
Միջոցառումը միտված էր նպաստելու շահառուների վերասոցիալականացմանը՝ նրանց ներգրավելով մշակութային կյանքում և հանրային իրադարձություններում։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն շահառուների մտածողության ձևավորման, հասարակության հետ փոխներգործության խթանման և սոցիալական ներառման տեսանկյունից։