Հաղորդագրություններ

Մեկնարկել է պրոբացիայի ծառայողների համար նախատեսված մենթորային ուսուցման ծրագիրը

հունիսի 11, 2025

Հունիսի 9-ին Երևանում մեկնարկել է պրոբացիայի ոլորտի մասնագետների համար նախատեսված եռօրյա մենթորային ուսուցման ծրագիրը, որը կազմակերպվել է Պրոբացիայի ծառայության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ։ Ծրագիրն իրականացվում է միջազգային փորձի հիման վրա՝ նպատակ ունենալով աջակցել պրոբացիայի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Ուսուցման գործընթացը վարում է պրոֆեսոր Իոան Դուրնեսկուն, ով հանդես է գալիս ոլորտին առնչվող տեսական և գործնական թեմաների ներկայացմամբ։ Եռօրյա ծրագիրը ներառում է պրոբացիայի համակարգում կիրառվող արդյունավետ մոտեցումների, այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունների, աշխատանքային դաշինքների ստեղծման մեթոդաբանության, պրոսոցիալական վարքագծի մոդելավորման և խնդիրների լուծման ռազմավարությունների, ինչպես նաև կոգնիտիվ վարքային միջամտությունների գործնական կիրառության թեմատիկ ուղղությունները։

Մենթորային ծրագրին մասնակցում են Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցներ։ Մասնակիցների համար ապահովվել է մասնագիտական զարգացմանը նպաստող միջավայր, որը խթանում է գիտելիքների ընդլայնման, փորձի փոխանակման, առկա խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ լուծումների մշակման գործընթացը։

Ողջունելով մասնակիցներին՝ Պրոբացիայի ծառայության պետի տաղակալ Վահագն Չարխիֆալաքյանը կարևորել է նման ձևաչափի ուսուցումների կազմակերպումը՝ նշելով, որ ոլորտի շարունակական զարգացումն ու մասնագիտական ներուժի ամրապնդումը հանդիսանում են ծառայության հիմնական առաջնահերթություններից մեկը։

Ուսուցման ծրագիրը կշարունակվի մինչև հունիսի 11-ը՝ ներառելով գործնական աշխատանքներ, խմբային քննարկումներ, ինչպես նաև գործնականում հմտությունների կիրառման պլանների մշակում։