Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Լոռու մարզային մարմնում քննարկվել են վերասոցիալականացման ծրագրերի զարգացման ուղղությունները և կազմակերպվել «Սթրեսի կառավարում» թեմայով դասընթաց

հուլիսի 22, 2026

Սույն թվականի հուլիսի 16-ին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանն աշխատանքային այց է կատարել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմին։

Այցի շրջանակում մարզային մարմնի ծառայողների հետ անցկացվել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել շահառուների վերասոցիալականացման գործընթացում առկա խնդիրներին, դրանց հաղթահարման հնարավորություններին և վերասոցիալականացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

Նույն օրը կազմակերպվել է նաև աշխատաժողով, որին մասնակցել են Լոռու մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շահառուների կարիքների գնահատման, համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև շահառուների սոցիալական ներառման և կրկնահանցագործության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել են նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը և բարձրացնել փոխադարձ իրազեկվածությունը։

Այցի շրջանակում Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով16 շահառուի համար կազմակերպվել է նաև «Սթրեսի կառավարում» թեմայով դասընթաց, որը վարել է հոգեբան Մանե Սարգսյանը։

Դասընթացի շրջանակներում քննարկվել են սթրեսի առաջացման պատճառները, սթրեսածին գործոնները, դրանց դրսևորումները, ինչպես նաև սթրեսի կանխարգելման և հաղթահարման արդյունավետ մեթոդները։ Ինտերակտիվ ձևաչափով անցկացված դասընթացի ընթացքում կիրառվել են նաև գործնական վարժություններ՝ մասնակիցների մոտ սթրեսի կառավարման գործնական հմտությունների զարգացման նպատակով։

Նման համատեղ նախաձեռնությունները նպաստում են վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը և շահառուների սոցիալական հմտությունների զարգացմանը։