Թատրոնը՝ որպես վերականգնման ուղի․Պրոբացիայի շահառուները այցելել են Երևանի Կամերային պետական թատրոն
հունիսի 30, 2025
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի և «Երևանի Կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության արդյունքում իրականացվել է նախադեպային մշակութային ծրագիր, որի շրջանակում պրոբացիայի շահառուները հնարավորություն են ունեցել դիտելու թատրոնում բեմադրված մի շարք ներկայացումներ։ Ծրագիրը մեկնարկել է 2025 թ․ ապրիլին և շարունակվել մինչև հունիս՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 40 շահառու, որոնցից շատերը ներկայացումներին մասնակցել են նաև իրենց ընտանիքի անդամների հետ։
Ներկայացումները, որոնց թվում են «Կեսարի խրախճանքը», «Կուլիսներում», «Կաբառե ռեստարտ», «Ի՞նչ տարբերություն թե ում հետ», «5+1 սիրո պատմություն», «Սասունցի Դավիթ», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա», «Ֆե-շոու», «Ի զե՛ն», ցուցադրվել են մասնակիցների համար անվճար՝ թատրոնի վարչակազմի կողմից տրամադրված բարձրարժեք տոմսերով։
Թատերարվեստի ներգրավմամբ իրականացված այս նախաձեռնությունը բացառիկ արդյունքներ է գրանցել․ շահառուների շրջանում նկատվել է իրական հետաքրքրություն բեմադրված ներկայացումների սյուժեների, կերպարների և դերակատարների նկատմամբ, ձևավորվել են ակտիվ քննարկումներ յուրաքանչյուր ներկայացումից հետո, ինչպես նաև արձանագրվել են դրական փոփոխություններ՝ կապված ընտանեկան հարաբերությունների ամրապնդման, մշակութային ներուժի բացահայտման և հանրային ինտեգրման գործընթացների հետ։
Շահառուների մեծ մասը նշել է, որ ծրագրի միջոցով ոչ միայն ձեռք բերել մշակութային նոր փորձառություն, այլև վերագնահատել են իրենց հնարավորություններն ու դերը հասարակության մեջ։ Բազմաթիվ շահառուներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել նմանատիպ նախաձեռնությունների նաև ապագայում։