Հաղորդագրություններ

ԵԽ պաշտոնյայի հետ քննարկվել են պրոբացիայի ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

մարտի 24, 2026

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության բաժնի առաջին ստորաբաժանման ծրագրի համակարգող Մարիանա Պապային։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պրոբացիայի ոլորտում ընթացող բարեփոխումների ընթացքը և ծառայության զարգացման հիմնական ուղղությունները։ Մարիանա Պապան բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի համակարգի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով հատկապես վերասոցիալականացման և կրկնահանցագործության կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը։

Ծառայության պետ Գուրեգն Աֆրիկյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում՝ ընդգծելով, որ ծառայությունում շարունակաբար ներդրվում են ժամանակակից գործիքակազմեր՝ ուղղված ռիսկերի և կարիքների գնահատման, անհատական մոտեցումների կիրառման և վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև այլընտրանքային պատժամիջոցների կիրառման ընդլայնման, պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացման, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման և կատարելագործման հարցերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել շահառուների հետ տարվող աշխատանքների շարունակականության ապահովմանը՝ հետագա սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը՝ ուղղված պրոբացիայի համակարգի հետագա զարգացմանը։