Արմավիրի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են ճանաչողական այցի
հունիսի 12, 2026
Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի կողմից շարունակվում են շահառուների վերասոցիալականացմանն ու հասարակական ինտեգրմանն ուղղված միջոցառումները։
Այդ շրջանակում կազմակերպվել է ճանաչողական այց Արմավիրի մարզի Մուսալեռ բնակավայրում գործող «Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան» ՊՈԱԿ։
Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մուսալեռան հերոսամարտի պատմությանը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կարևոր էջերին, ինչպես նաև մուսալեռցիների կենցաղին, ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։ Թանգարանի ցուցադրություններում ներկայացված են եղել պատմական փաստաթղթեր, լուսանկարներ, կենցաղային և ազգագրական իրեր, ազգային հագուստներ, աշխատանքային գործիքներ և հերոսամարտին առնչվող այլ արժեքավոր ցուցանմուշներ։
Մասնակիցներին ներկայացվել է նաև Մուսալեռի ինքնապաշտպանության պատմական նշանակությունը և դրա դերը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում։
Կազմակերպված միջոցառումը կրել է ճանաչողական և դաստիարակչական բնույթ՝ նպաստելով մասնակիցների պատմամշակութային գիտելիքների ընդլայնմանը, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի ձևավորմանը և սոցիալական պատասխանատվության բարձրացմանը։