Ավարտվեց շահառուների ինքնաճանաչման և հաղորդակցման հմտությունների ձևավորմանը նվիրված դասընթացների շարք
սեպտեմբերի 15, 2025
Սեպտեմբերի 3-ին ավարտվեց Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում Շիրակի և Լոռու մարզային մարմիններում հաշվառված անչափահաս շահառուների համար իրականացված վերասոցիալականացման ծրագիրը։
Ծրագիրը ներառված էր «Անձի զարգացում և հաղորդակցման հմտությունների ձևավորում անչափահաս շահառուների շրջանում» նախաձեռնության շրջանակում և բաղկացած էր երեք հանդիպումներից՝ յուրաքանչյուրը երկու ակադեմիական ժամ տևողությամբ։ Վերջին դասընթացը կրում էր «Ավագ դեռահասների մոտ դրական ինքնագնահատականի զարգացման և ինքնավստահության բարձրացման» թեման։
Դասընթացների նպատակն էր նպաստել դեռահասների ինքնաճանաչմանը, արդյունավետ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և միջանձնային հարաբերություններում վստահ վարքագծի զարգացմանը։
Հանդիպման ավարտին անչափահաս շահառուները լրացրին հետադարձ կապի թերթիկներ՝ արտահայտելով իրենց նկատած դրական փոփոխությունները և առաջարկելով նոր թեմաներ ապագա հանդիպումների համար։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է շահառու դեռահասների սոցիալական հմտությունների ձևավորման և նրանց անձնային զարգացման ուղղությամբ՝ նպաստելով նրանց լիարժեք ներգրավվածությանը հասարակական կյանքում։